Մարքեթինգը յուրաքանչյուր բիզնեսում ունի էական նշանակություն և հանդիսանում է վերջինիս հաջողության հիմք։ Մարքեթինգային ռազմավարությունը ցույց է տալիս, թե ինչպես պետք է բիզնեսը ներգրավի և փոխակերպի պոտենցիալ հաճախորդներին, այն սահմանում է բիզնեսի նպատակները, նշում հաջորդական քայլերը։
Այս բլոգում կներկայացնենք հաջող մարքեթինգային ռազմավարություն գրելու հիմնական կանոնները՝
1․ Սահմանել թիրախային լսարանը
Մարքեթինգային ռազմավարություն ստեղծելու առաջին քայլը թիրախային լսարանի բացահայտումն է: Ովքե՞ր են կազմակերպության իդեալական հաճախորդները, որո՞նք են նրանց կարիքներն ու նախասիրությունները: Թիրախային լսարանը սահմանելը կօգնի համապատասխանեցնել մարքեթինգային գործիքակազմը նրանց շահերին համապատասխան:
Ձեր թիրախային լսարանին բացահայտելու կամ սահմանելու համար պետք է կատարել շուկայի հետազոտություն, վերլուծել արդյունքներն ու առկա հաճախորդների բազան և ստեղծել պոտենցիալ գնորդների կերպարները։
Իսկ ի՞նչ է գնորդի կերպարը․ այն իդեալական հաճախորդների վերաբերյալ ունեցած պատկերացումների վրա հիմնված նկարագիրն է, որը ներառում է այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են ժողովրդագրական տվյալները, հոգեբանական դրսևորումները, գնման վարքագիծը, հետաքրքրությունները։
2․ Սահմանել նպատակը
Երբ արդեն թիրախային լսարանը սահմանված է, պետք է կատարել հաջորդ քայլը՝ սահմանել կոնկրետ, չափելի մարքեթինգային նպատակներ: Նպատակը պետք է սահմանել SMART մեթոդով՝ Specific (հատուկ, կոնկրետ), Measurable (Չափելի), Achievable (Իրագործելի), Relevant (Համապատասխան), Time bound (Ժամանակով սահմանված)։
3․ Ձևավորել ռազմավարության ունիկալությունը
Նպատակը սահմանելուց հետո պետք է հասկանալ և հստակեցնել ունիկալությունը․ այն առանձնահատկությունը, որն ընդգծում է բիզնեսի առավելությունը։ Ունիկալությունը պետք է լինի այն պատճառը, այն ունիկալ առաջարկն ու ծառայությունը, որի համար պետք է ընտրեն այդ կազմակերպությունը, այլ ոչ մրցակցին։
Բիզնեսի ունիկալությունը զարգացնելու համար պետք է վերլուծել մրցակիցներին, կատարել հաճախորդների շրջանակում հարցումներ և բացահայտել արտադրանքի կամ ծառայությունների եզակի առանձնահատկություններն ու առավելությունները:
4․ Ընտրել մարքեթինգային գործիքակազմ
Մարքեթինգային գործիքակազմերը բազմաթիվ են․ բիզնեսի համար արդյունավետ գործիքակազմի ընտրությունը կախված է թիրախային շուկայից և մարքեթինգային նպատակներից։ Դրանք սահմանելիս պետք է ներառել ինչպես առցանց, այնպես օֆլայն տիրույթում արդյունավետ գործող գործիքակազմ։ Դրանցից են՝
Կայք. այն բիզնեսի առցանց ներկայության հիմքն է, որը պետք է օպտիմիզացված լինի որոնման համակարգերի և օգտագործողների փորձի համար։
Որոնման համակարգի օպտիմիզացում (SEO). SEO-ն ներկայացնում է կայքի և բովանդակության օպտիմալացումը՝ որոնման համակարգի արդյունքների էջերում (SERP) ավելի բարձր տեղերում դասակարգվելու համար:
Սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM). սոցիալական մեդիա մարքեթինգը ներառում է սոցիալական մեդիա հարթակների օգտագործումը ապրանքանիշի իրազեկվածության բարձրացման, հաճախորդների հետ շփվելու և ձեր արտադրանքը կամ ծառայությունները խթանելու համար:
Էլ․ փոստային մարքեթինգ (email marketing)․ էլ․փոստով մարքեթինգը բաժանորդների շրջանում նպատակային նամակների տարածումն է ՝ արտադրանքը կամ ծառայությունները խթանելու և հաճախորդների հետ հարաբերություններ հաստատելու համար:
Կոնտենտ մարքեթինգ․ այն ներառում է իր մեջ արժեքավոր կոնտենտի ստեղծում և փոխանակում, ինչպիսիք են բլոգային գրառումները, ինֆոգրաֆիկաները, տեսանյութերը և այլն՝ թիրախային լսարանին գրավելու և ներգրավելու համար:
Արտաքին գովազդ. ներառում է գրաֆիկական, տեքստային կամ գովազդային բնույթի տեղեկատվություն, որը տեղադրվում է բաց տարածության մեջ գտնվող ժամանակավոր կամ մշտական հատուկ կառույցների վրա, որն ուղղված է թիրախային լսարանի ուշադրությունը գրավելու համար։
5. Ստեղծել մարքեթինգային պլան
Մարքեթինգային գործիքակազմը որոշելուց և հստակեցնելուց հետո պետք է անցնել մարքեթինգային մանրամասն պլանը ստեղծելուն, որը պետք է արտացոլի բիզնեսի մարտավարությունը, ժամանակացույցը և բյուջեն։ Այն պետք է ներառի՝
- կոնտենտ պլան/կոնտենտի օրացույց,
- սոցիալական մեդիա պլանավորում,
- գովազդային պլանավորում․ ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն,
- օնլայն տիրույթից դուրս պլանավորվող գործողություններ,
- բյուջե,
- և ալն անհրաժեշտ գործիքակազմեր՝ կախված բիզնեսի յուրահատկությունից։
Մարքեթինգային պլանը վերջնական պատրաստ լինելուց հետո պետք է անցնել գործի․ այն է՝ սահմանել KPI-ները որոշակի ժամանակահատվածի համար՝ տեսնելու, թե որքանով է արդյունավետ իրականացվում գործընթացը, որքանով է շեղվում պլանից, և ընթացքում կատարել անհրաժեշտ վերամշակումները։